Նպատակ և մոտիվացիա

Մեր երեխաները հաճախ բախվում են տարբեր խնդիրների, որոնք դժվարանում են հաղթահարել, ուժեղ հույզեր են ապրում կամ իրենց անօգնական զգում: Մենք էլ որպես ծնող շտապում ենք օգնության հասնել, արագ լուծում գտնել, իրավիճակը փոխել: 

Բնականաբար մենք չենք կարող պաշտպանել մեր երեխաներին կյանքի բոլոր դժվարություններից, բայց կարող ենք օգնել պատրաստ լինել այդ դժվարություններին և հաղթահարել դրանք:

Հաճախ, մենք՝ ծնողներս, չենք կարողանում տալ համապատասխան օգնություն, քանի որ մենք ինքներս էլ ունենք ինքնակրթվելու անհրաժեշտություն։

Մյուս կողմից, շատերս փորձում ենք գտնել ուսուցանող և որակյալ մուլտֆիլմեր: Ցավոք նմանատիպ հայալեզու մուլտֆիլմերը շատ քիչ են։ 

Մեր «Անին ու Դանին» նախագծով փորձում ենք լրացնել այդ բացը։ Ստեղծեցինք ֆիլմաշարի 4 էպիզոդները` փորձելով համատեղել երեխաների ուրախ ժամանցն ու ինքնաճանաչումը, տալ գործիքակազմ կյանքի տարբեր իրավիճակներում անհրաժեշտ հմտությունների ձևավորման համար:

Մեր ֆիլմաշարի հերոսների - Անիի ու Դանիի ճամփորդությունների միջոցով մենք հույս ունենք ոգեշնչել մեծացող սրտերին գիտակցելու, որ քաջությունը կա բոլորիս մեջ և սպասում է իր բացահայտմանը: Մենք ուզում ենք ցույց տալ նրանց, որ բոլորիս կյանքում լինում և լինելու են դժվարություններ ու խնդիրներ, ու  իրենց ուժերի սահմաններում է հաղթահարել այդ դժվարությունները։ Այդ դժվարությունների հաղթահարումը շատ անգամ մեզ օգնում են դառնալ ավելի ուժեղ և խելացի:

Այս նախագիծը կյանքի կոչելու համար աշխատել ենք քրտնաջան մեկ տարուց ավել Նախագիծը ի կատար ածելու համար հավաքեցինք տաղանդավոր մասնագետների թիմ, ներառյալ սցենարիստներ և հոգեբաններ, և իհարկե անիմացիոն թիմ: Անիմացիան շատերի համար չհասկացված ուղղություն է, այն շատ աշխատատար է, ամեն կադր նկարվում է, ամեն բառ քննարկվում է։