Մութիկի պատմությունը

Սեզոն 1 / Էպիզոդ 1

«Անին ու Դանին» թերապևտիկ անիմացիոն ֆիլմաշարի առաջին էպիզոդը մթությունից վախի մասին է:

Մթության վախը մանկական ամենատարածված վախերից է: Այն սովորաբար սկսվում է երեք տարեկանում: Եթե երեխայի միջավայրը հանգիստ է, ապա վախն ինքնաբերաբար կարող է անցնել: Լինում են նաև դեպքեր, երբ վախը ամրապնդվում և անհանագստացնում է երեխային ընդհուպ մինչև դեռահասության տարիքը:
Մթությունից վախը հիմնականում կապված է անորոշության հետ, քանի որ մութ սենյակում ամեն ծանոթ բան կարծես կորցնում է իր սովորական տեսքն ու ձևը. ամեն բան խորհրդավոր է դառնում:
Մթությունից վախը կապված է նաև երեխայի վառ երևակայության հետ: Երեխան մութ սենյակում կտրվում է իր համար սովորական աշխարհից, մնում է իր մտքերի և ֆանտազիաների հետ միայնակ՝ հաճախ պատկերացնելով տարբեր վախեցնող բաներ, հիմնականում հրեշների տեսքով: Երբեմն երեխային վախեցնող հրեշները հենց նրա բարդ զգացմունքների արտացոլումներն են (տագնապներ, զայրույթ, նյարդայնություն), որոնք երեխան չի կարողանում ինքնուրույն հաղթահարել:

Մուլտֆիլմի հերոսներից մեկը՝ Դանին նույնպես վախենում է մթությունից, ավելի ճիշտ Լուսամփոփից, որը մթության մեջ վերածվում է Հրեշի:
Այս իմանալով, մայրիկը Դանիի հետ միասին փորձում է «հետազոտել» վախը և փորձել օգնել նրան՝ հորինելով հեքիաթ Լուսամփոփի մասին, որի անունը Մութիկ է: Մութիկը Դանիի վախի արտացոլանքն է, որն իրականում շատ միայնակ է , բայց նաև շատ բարի ու հնարամիտ:

Վախեցնող երևույթի մասին հեքիաթ հորինելը դրա հաղթահարման շատ արդյունավետ միջոց կարող է լինել երեխայի համար: Հեքիաթային այլաբանական լեզուն երեխայի համար շատ հարազատ և հասկանալի է՝ ավելի քան, մեծահասակի բացատրություններն ու հորդորները: Հեքիաթ ընթերցելը կամ պատմելը ստեղծում է շատ ապահով ու ջերմ մթնոլորտ նույնիսկ ամենավախենալու թեմաների մասին խոսելու համար: Հեքիաթն օգնում է ոչ միայն երեխային հանգսիտ լսել ու քննարկել վախեցնող երևույթները, այն նաև օգնում է մեծահասակին խոսել բարդ թեմաներից: Հեքիաթը նաև հնարավորություն է տալիս երեխային, մնալով ապահով ու հանգիստ, հայտնվել իր համար բարդ իրավիճակում և այն կարծես կողքից դիտել, ուսումնասիրել, բացահայտումներ անել, լուծումներ գտնել, ինչը և անում է Դանին Մութիկի մասին հեքիաթը լսելիս: