Սեզոն 1 / Էպիզոդ 4
Այս էպիզոդը պատմում է ատամնաբույժին այցելելու վախի ու դրա հաղթահարման մասին:
Նոր միջավայր, անծանոթ բժիշկ, տարօրինակ ձայն հանող գործիքներ. այս ամենը կարող են երեխաների մոտ անհանգստության ու վախի պատճառ լինել:
Երբեմն երեխաները վախենում են այցելել ատամնաբույժին, քանի որ նախկինում ունեցել են բացասական փորձ կամ էլ մեծահասակները որոշակի սխալ մեկնաբանություններ են արել՝ երեխայի մոտ ձևավորելով բացասական վերաբերմունք ատամնաբուժարանի հանդեպ:
Այս էպիզոդում Դանիի ատամը ցավում է և ծնողներն ասում են, որ անպայման պետք է բուժել փչացած ատամը: Կարևոր է , որ ծնողները չեն խաբում և միանգամից ճշմարտությունն են ասում՝ առանց թաքցնելու կամ կեղծ խոստումներ տալու, ինչպիսին է՝ «բժիշկը միայն կնայի» արտահայտությունը:
Կարևոր է նաև այն, որ մայրիկն ու հայրիկը բարդ ու հուզական մեկնաբանություններ չեն անում: Շատ հանգիստ ու հստակ բացատրում են ատամնաբույժի գնալու անհրաժեշտությունը:
Այս էպիզոդում շատ ցայտուն երևում է , թե ինչ է կատարվում երեխայի մտքում, երբ նա տագնապում է իր համար որևէ անորոշ իրավիճակում: Այսպես, Դանին իր երևակայության մեջ պատկերացնում է սարսափելի ատամնաբուժարանն ու ատամանբույժին: Սակայն հետագայում, իրականության մեջ պարզվում է, որ ամեն բան լիովին այլ է:
Հաճախ երեխաները երևակայության մեջ վախենալու վառ պատկերներ են նկարում իրենց համար անորոշ նոր իրավիճակների մասին:
Եվ այս պարագայում կարևոր է, որ ծնողները հանգստացնեն երեխային և հնարավորինս հստակ պատմեն, թե իրականում ինչ է սպասվում ատամնաբուժարանում՝ դրանով իսկ անորոշը դարձնելով որոշակի և թուլացնելով տագնապը:
Դանիի տագնապը թուլանում է, երբ բարեհամբույր ատամնաբույժը մանրամասն պատմում է, թե ինչպես է փչացել ատամը, և ինչ է արվելու այն բուժելու համար:
Այսպիսով, երեխաների և մեծահասակների տագնապը անորոշ, նոր իրավիճակների հանդեպ թուլացնելու և հաղթահարելու համար երբեմն ընդամենը հարկավոր է հավաստի և լիարժեք տեղեկություն տալ և անորոշը դարձնել հնարավորինս որոշակի: