Սիրելի խաղալիքը

Սեզոն 1 / Էպիզոդ 3

Ֆիլմաշարի երրորդ էպիզոդը սեփական խաղալիքը այլ երեխաների հետ կիսելու և դրանով նրանց հետ խաղալու դժվարության հաղթահարման մասին է:
Խաղալիքը ուրիշների հետ կիսելու խնդիրը հատկապես բնորոշ է փոքրիկ երեխաներին ՝ 2-3 տարեկանում: Զարգացմանը զուգընթաց երեխաներն աստիճանաբար սովորում են կիսել իրենց ունեցածն ուրիշների հետ և համատեղ խաղալ:
Երրորդ էպիզոդում Անին սեփական խաղալիքը ուրիշների հետ կիսելու հարցում մի շարք դժվարությունների է հանդիպում: Սկզբում իր մեծ եղբոր՝ Դանիի հետ վիճում են տիեզերագնաց արջուկի համար, մանկապարտեզում Անուշը առանց թույլտվության վերցնում է Նպանին՝ Անիի սիրելի խաղալիքին, ինչը զայրացնում է Անիին:
Սակայն աստիճանաբար Անին հասկանում է, որ խաղալիքներ կիսելը կարող է շատ ուրախ խաղի ու ընկերության հնարավորություն ստեղծել:
Մուլտֆիլմում նաև ցույց է տրվում մեծերի կողմից հաճախ արվող սխալը, երբ երեխային, հակառակ իր կամքին, համոզում կամ ստիպում են իր ունեցածը կիսել ուրիշ երեխաների հետ :
Ինչու՞ չարժե նման կերպ վարվել:
Սեփական խաղալիքները ուրիշի հետ կիսելը հմտություն է, որը զարգանում է որոշակի տարիքում մեծերի օգնությամբ և ճիշտ ուղղորդմամբ: Բացի դա, երեխայի համար իր խաղալիքները, մանավանդ սիրելի խաղալիքները, արժեքներ են, ինչպես մեծերի համար իրենց իրերը: Երեխան, ինչպես և մեծը, իրավունք ունի չուզենալ կիսել իր ունեցածը ուրիշների, նույնիսկ իր ընտանիքի անդամների հետ: Եվ այս իրավունքը պետք է հարգել: Դա նորմալ երևույթ է և ամենևին չի նշանակում, որ երեխան որևէ խնդիր ունի: Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր անձնական իրերը, որոնցով ինքը կորոշի ինչպես վարվել: Հետագայում սա շատ կարևոր հմտության՝ սեփական սահմանները ճանաչելու և պաշտպանելու համար հիմք է դառնում:
Անիի հայրիկն էլ ի վերջո հասկանում է, որ սխալ է երեխային ստիպել իր ունեցածը կիսել ուրիշների հետ և նշում, որ միշտ էլ կարելի է պայմանավորվել՝ անգամ, եթե չես ուզում կիսել ունեցածդ ուրիշների հետ: