Սեզոն 1 / Էպիզոդ 2
Ֆիլմաշարի երկրորդ էպիզոդը երեխայի կյանքի նոր և երբեմն բարդ մի փուլի՝ մանկապարտեզ հաճախելու մասին է:
Մանկապարտեզ հաճախել սկսելը երեխայի առջև նոր խնդիրներ ու պահանջներ է առաջ բերում: Երեխան պետք է փոխի իր սովորական օրվա ռեժիմը, պետք է հարմարվի լիովին նոր միջավայրին, անծանոթ մեծերին ու երեխաներին և ամենակարևորը՝ նա պետք է սովորի որոշ ժամանակ անցկացնել առանց սիրելի ու հարազատ մարդկանց:
Եվ ահա, Անին պետք է սկսի հաճախել մանկապարտեզ: Եվ ինչպես սովորաբար լինում է, նա սկզբում այդքան էլ գոհ չէ այդ իրողությունից և չի ուզում գնալ՝ նախընտրելով մնալ իր համար հարազատ միջավայրում:
Սակայն հնարամիտ ծնողները մի հրաշալի լուծում են գտնում: Նրանք մանկապարտեզ գնալու դժվարությունը վերածում են խաղի, որտեղ Անին դառնում է իր մեծ եղբայր Դանին, ով իր հերթին դառնում է Անի, և փորձում է բացատրել, որ մանկապարտեզում ուրախ է:
Եվ այսպես, Անին սկսում է նշել մանկապարտեզ գնալու ուրախ կողմերը և ի վերջո գտնում է այն տարբերակը, որը համոզում է Դանիին, և ըստ էության ինքն իրեն. դա նոր ընկերներ ունենալն է և համատեղ ուրախ խաղեր խաղալը:
Ընդհանրապես, նախադպրոցական տարիքի երեխաների հետ խաղի միջոցով տարբեր հարցեր ու խնդիրներ լուծելը ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է: Քանի որ խաղային լեզուն այս տարիքի երեխայի համար ամենահասկանալին ու հարազատն է: Խաղի միջոցով երեխաները ոչ միայն ճանաչում են իրենց շրջապատող աշխարհը, այլև կարողանում են խաղարկել իրենց համար խնդրային բարդ իրավիճակները:
Մուլտի վերջում, մայրիկն ու Անին երկար գրկախառնված են և վերջինս չի կարողանում «բաց թողնել» մայրիկին: Մայրիկն ու դաստիարակչուհին, հասկանալով երեխայի ապրումները, տալիս են նրան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Այնուհետև մայրիկն իր թաշկինակը տալիս է Անիին՝ որպես հիշեցում, որ մայրիկը իրեն սիրում է և շուտով գալու է:
Սա, ըստ էության, երեխայի հետ բաժանման ծես է, որը ևս շատ օգատակար կարող է լինել երեխայի՝ մանկապարտեզին հարմարման հարցում: Նման ամենօրյա հրաժեշտի ավանդույթը նվազեցնում է երեխայի տագնապը, և նա օրեցօր ավելի ու ավելի հաճույքով է սկսում հաճախել մանակապարտեզ: